ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՆԱՏՕ-ն ամրապնդում է Արևելքը

ՆԱՏՕ-ն ամրապնդում է Արևելքը
11.07.2016 | 13:18

Երկու տարին մեկ անցկացվող ՆԱՏՕ-ի սամմիթը այս հանգստյան օրերին ավելի օգտակար էր, քան հերթական բազմակողմ և բազմաբառ հանդիպումները: Գլխավոր նպատակը Արևմուտքի պաշտպանությունն ամրապնդելն էր Արևելյան Եվրոպայում, հատկապես Լեհաստանում և բալթյան պետություններում, և այդ առումով ալյանսը հասավ հաջողության՝ գրում է The Wall Street Journal-ը:

Ռևանշիստական Ռուսաստանի սպառնալիքն օրակարգի առաջին կետում էր և միասնական ճակատը հատուկ նշանակություն ուներ՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից:

Երեք բալթյան պետությունների՝ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի, խոցելիությունը դարձավ կենտրոնական թեմա՝ պայմանավորվեցին ձևավորել և տեղակայել չորս գումարտակներ հազարական զինծառայողներով՝ երեքը Բալթիկայում, մեկը՝ Լեհաստանում: Ռուսական ուժերը ի զորու են լիամասշտաբ ներխուժման դեպքում այդ գումարտակներին հաղթահարել, բայց ՆԱՏՕ-ի զորքերը կարող են կանխել «կանաչ մարդուկների» օկուպացիան, որը Կրեմլն իրականացրեց Ղրիմում: Սամմիթը սպասելիքները չարդարացրեց ՈՒկրաինայի մասով՝ Оբաման ու Մերկելը դեռ կառչում են չստացված խաղաղության գործընթացից, Կիևին պաշտպանական զենք տալու փոխարեն, որ անհրաժեշտ է կանխելու հետագա տարածքային կորուստները:

The Wall Street Journal


Հ.Գ. Բայց սա ամբողջ պատմությունը չէ՝ ABC-ին պաշտոնական աղբյուրները տեղեկացրել են, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները անհանգստացած են Ռուսաստանի ապակայունացնող դերից Արևմտյան Բալկաններում՝ Չեռնոգորիայում, Մակեդոնիայում, Բոսնիայում կամ Հերցեգովինայում՝ գրում է Էստեբան Վիլիարեխոն: «Պետք է գործել միասնական և աջակցել այդ երկրներին, որտեղ դիտարկվում են նույն ապակայունացնող գործողությունները, որ եղել են Վրաստանում, ՈՒկրաինայում ու Մոլդովայում»՝ բացատրել է ABC-ի աղբյուրը՝ նկատի ունենալով ռուսամետ քաղաքական տրամադրությունների վերելքը, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի դեմ քայլերը: Այդ հարցը ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկել են Լեհաստանի նախագահական նստավայրում պաշտոնական ընթրիքի ժամանակ, որին առաջին անգամ մասնակցում էին Շվեդիայի ու Ֆինլանդիայի նախագահները՝ պետություններ, որ ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց սերտացնում են կապերը Արկտիկայում ռուս զինվորականների հիպերակտիվության պայմաններում: Ռուսական սպառնալիքի վերլուծությունը ընթրիքի կենտրոնական թեման էր մի սրահում, որտեղ 1955-ին Նիկիտա Խրուշչովը և սոցիալիստական վեց երկրների ղեկավարները կնքել էին Վարշավայի պայմանագիրը: ՆԱՏՕ-ի դաշնակիցները պնդում են, որ անհրաժեշտ է պահպանել «ամրություն ու միասնություն» Պուտինի էքսպանսիոնիստական քաղաքականությանը դիմակայելու համար և ընտրել են «երկվեկտոր քաղաքականություն» Կրեմլի հետ հարաբերություններում՝ «զսպում և երկխոսություն» միաժամանակ:

Չորեքշաբթի օրը կայանալու է ՆԱՏՕ-ՌԴ հանդիպում մշտական ներկայացուցիչների մակարդակով, իսկ Վարշավայի սամմիթը հաստատեց 4 գումարտակների տեղակայումը Լեհաստանում ու Բալթիկայում: Դա ՆԱՏՕ-ի զորքերի աննախադեպ տեղակայում է Արևելյան Եվրոպայում՝ լրացված ավիաջոկատներով Էստոնիայում ու Լիտվայում և «հակահրթիռային վահանով», որի նախնական օպերատիվ պատրաստվածության մասին հայտարարվեց Վարշավայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ